Menu

ДРУГИЕ ПЕСНИ

Tatevik Agamiryan 10

ПЕСНИ НЕ ВОШЕДШИЕ В АЛЬБОМ
 
 

ՈՎ ԷԻՐ ՈՒ ԻՆՉ ԴԱՐՁԱՐ
ԼՑՐՈՒ ՔՈՒՅՐԻԿՍ ԳԱՎԱԹՆԵՐԸ
ԱՌԱՋԻՆ ՈւՍՈՒՑՉՈՒՀՈՒՍ
ԿՆԿԱՐԵՄ ԵՍ ՄԻ ՔԱՂԱՔ
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ
ԲԼԵՖ (ԱՆՀՈՒՅՍ ԿՈՒՅՍԻ ԵՐԳԸ)
ՆՈՐԻՑ ԵՍ ՔԵԶ ՄՈՏ ԵՄ ԵԿԵԼ
ՈւԶՈՒՄ ԵՄ ԵՍ ԻՆՁ ՄՈՌԱՆԱԼ
ՎԵՐՋԻՆ ԱԼԻՔԸ
ՊԱՀ Է, ԿԱՆՑՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐ
ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆ
Ա~Խ, ՎԱ~Խ (ՍԱՅԼՈՐԴԻ ԵՐԳԸ)
ՈՒՇԱՑԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ
ՆՈՐ ՏԱՐԻ
ԿԱՐՈՏԻ ՕՎԿԻԱՆՈՒՄ (ԱՌԱԳԱՍՏՆԵՐ)

 

ՈՎ ԷԻՐ ՈՒ ԻՆՉ ԴԱՐՁԱՐ

 
Դու ունես մականուն, ինչպես շունն այն անտուն,
Նրան ոսկոռ են նետում, իսկ քեզ «Դուք»-ով են դիմում,
Բայց և շունն ել անգամ քեզ շան տեղ չի դնում,
Ընդառաջ չի վազում, քեզ տեսնում է ու փախչում.
Շունը` մարդ չէ քծնող, նա վաղուց հասկացավ,
Իր ազնիվ աչքերում, անդրադարձն է քո` ցավ…
Շունը ի~նչ իմանար, թե ինչից շնացար.
Ով էիր …ու ինչ դարձար:
Ունեիր ընկերներ դու բարի, նվիրված,
Ու խոսքից քո շիտակ` թշնամիք վաստակված,
Թշնամիք, որ որսան թուլությունը զոհի
Վերածվում են քծնող գայլերի հոծ ոհմակի.
Ու հիմա մեծ պաշտոն դու ունես, կամ նա`քեզ…
Ու հազիվ թե ազնիվ ընկերոջդ լսես,
Նա քո խիղճն էր, որ դուռը փակեց, հեռացավ.
Ով էիր …ու ինչ դարձար:
Բայց քո շուրջն անմոռաց վայելքներն են ցնծում
Ու հալվում գինովցած կանացի կրքերում,
Իսկ գայլերը քծնում, շողոքորթ լպստվում,
Իրական դեմքը քո` քեզանից են թաքցնում.
Այն, որ մորդ վերջին շնչին չհասար,
Կամ ջահել այն կույսի համբույրն ուրացար,
Այդ հոգսերդ շատացան, թե կաշիդ հաստացավ,
Ով էիր …ու ինչ դարձար:
Ու մի օր էլ հանկարծ, թե այնպես պատահի,
Որ գայլերը քաղցած մնան` համեղ պատառի…
Կսթափվես զարմացած, թե ոհմակդ «բարի»
Այդ ինչպես հանդգնեց քեզ նայել, ոնց`ավարի…
Բայց ինչով էին, ասա, արդյոք մեղավոր
Խեղճ քո կինն ու որդին, կամ մայրդ մենավոր,
Որ անկուշտ քո հոգուն սատանան տիրացավ…
Ով էիր …ու ինչ դարձար:
Որ անկուշտ քո հոգով սատանան կշտացավ…
Ով էիր …ու ինչ դարձար:
 
 button-vverx
 
 
1
Լցրու քույրիկս գավաթներն կարմիր գինով,
Թող մեր հուշերը գլորվեն գինու հունով,
Թե տարիները թաքնվել են թիկունքում,
Հույզերն ապրում են աչքերում:
Խմենք բոլոր նրանց կենացը,
Ով մեր կյանքում թողեց հետքեր,
Կորած հետքերը անմոռաց են,
Կորած դեմքերը` դարձան երգեր:
Այս «կանացի երջանկությունը»
Տեսնես, թե ով է հորինել,
Ու ասպետի անվերջ սպասումը
Բոլոր կանաց է խելքից հանել;
2
Լցրու քույրիկս գավաթներն կարմիր գինով,
Թող մեր հուշերը գլորվեն գինու հունով,
Տես մեր աչքերը դեռ փայլում են անսահման
Այն խենթ փայլով աղջկական,
Անհետ կորան հին ընկերները
Իրենց խանդոտ կանանց ահից,
Գուցե տեղին է ցավակցելը.
Աշխարհը` նեղ է, կրունկի տակից:
Մեզ մնացին անկարողները,
Սա` զուր տանջանք է անտեղի,
Կամ գույնզգույն այն «կարողները»,
Որոնք սիրում են… տղաների:
3
Լցրու քույրիկս գավաթներն կարմիր գինով,
Թող մեր հուշերը գլորվեն գինու հունով,
Գրողը տանի, գիտենք սիրել ու նվաճել,
Ուրեմն ինչու ենք էլ տխրել…
Հ’եյ, մատուցո’ղ, բերեք պատվերը,
Երկու բաժին երջանկություն,
Երկու ասպետ, որ իսկական են,
Ու ցանկալի է` թարմ վիճակում…
Երբ հանդարտվեն գիժ արցունքները,
Քրքջալով կնակատենք,
Որ դեռ ըմպած չեն գավաթները,
Հուշերն խոսել են, իսկ մենք լռել…
 
 button-vverx
 

Исполняет Моника Тадевосян

 
Հրաշք տառերը Մեսրոպյան
Արդեն դարձան մեզ ուղեկից,
Սակայն սկսվեց հեռու ճամփան
Մեր դպրոցի կանչող շեմից,
ՈՒ առաջին ուսուցչուհուս
Մեղմ ժպիտից, ջերմ հայացքից:
 
Գիտելիքի թունելներով
Շարժվեց գնացքն արագընթաց,
Նոր ու անհայտ ճամփաներով
Մենք սլացանք ոգևորված,
Մեր առաջին ուսուցչուհու
Մեղմ ժպիտից, ջերմ հայացքից:
 
Իսկ տարիները պարզ ու բարդ
Անցնեն, գնան թող աննկատ,
Եվ լույս ծիծաղն ու խինդն ուրախ
Երբեք, երբեք չանհետանան,
Մեր առաջին ուսուցչուհու
Մեղմ ժպիտից, ջերմ հայացքից:
 
 button-vverx
 
 

Исполняет Моника Тадевосян

 
1
Կնկարեմ ես մի քաղաք,
Ու իմ քաղաքը կսիրեմ
Ինչպես պոետ մի խելագար,
Ինչպես պոետ մի մոլագար:
Կնկարեմ ես մի գիշեր,
Գիշերային իմ քաղաքով
Թափառելով կգամ այնտեղ,
Որտեղ թողել եմ, որտեղ թողել եմ,
Թողել եմ ես անթիվ հուշեր:
Կրկներգ
Իսկ մարդիկ, որ շտապում են, թե ուր՝ չգիտեն,
Փախչելով, իմ քաղաքը լքում են,
Ապշահար, զարմանքով, թող ուսերը թոթվեն,
Գնաք բարով … ես՝ մնում եմ:
2
Կնկարեմ մի աստղ անմար,
Կհավատամ ես իմ աստղին
Ինչպես մանուկը՝ հեքիաթին,
Ինչպես մանուկը՝ հրաշքին:
Կնկարեմ արև, լուսին,
Ու այս երկուսը միասին
Ինձ կթվա՝ երկնից անհուն
Լոկ իմ քաղաքն են, լոկ իմ քաղաքն են,
Քաղաքն են իմ լուսավորում:
3
Կնկարեմ խարխուլ տնակ,
Ու տնակում կբնակվեմ,
Իմ քաղաքի պես միայնակ,
Քաղաքիս պես պաղ ու դատարկ:
Ու կթողնեմ թուղթը ճերմակ,
Գուցե կոչեմ դա “վերադարձ”,
Գուցե՝ “կարոտ”, կամ էլ՝ “տունդարձ”,
Սակայն քաղաքն իմ, ավաղ, քաղաքն իմ
Ձեզ կժպտա օտարացած:
           
-3-րդ ձև-
Այդ ժպիտը թախծոտ   կսահի մայթերով ամայի,
Ձեր դեմքերը աղոտ իմ քաղաքը հերթով կհիշի…
4
Կնկարեմ ես մի գիշեր,
Գիշերային իմ քաղաքով
Թափառելով կգամ այնտեղ,
Որտեղ թողել եմ, որտեղ թողել եմ,
Թողել եմ ես անթիվ հուշեր:
 
 button-vverx
 

Исполняет Моника Тадевосян

 
Ծննդյան տարեդարձ, ծաղիկներն եմ մեղմ ժպտում,
Մեկ տարի էլ անդարձ հավերժի գիրկն է անցնում,
Կորելով կյանքի, ժամանակի,
Պատմության գրկում անվերադարձ,
Դու բարի, բայց տխուր`  ծննդյան տարեդարձ:
Չորս կողմը ժպիտներ ու ծիծաղն է կարկաչում,
Սրտագին մաղթանքներն սիրով կյանքդ են զարդարում,
Իսկ մոմերն վառվում են լուռ,
Իրենց թույլ լույսով լուսավորում են պարզ,
Դու բարի, բայց տխուր`  ծննդյան տարեդարձ:
Եվ այսպես շարունակ, ամեն տարի խինդով,
Ծննդյան տարեդարձն ենք դիմավորում սիրով,
Վարդագույն անուրջներով,
Երազներով ոսկեվորված,
Անցնում է կյանքն անուշ հեքիաթի պես,
Դու բարի, բայց տխուր`  ծննդյան տարեդարձ:
 
 button-vverx
 
 
1
Գուցե այն օրը բախտս, հարբած էր յուրովի
Երբ մոտս ուղարկեց իմ ասպետին,
Ի հարկե, նա հրեշտակ չէր, բայց անտարակույս,
Ես, գոնե էլ չեմ մնա անհույս` «կույս»…
Կրկներգ
Պարանոցին այն մադամի ժանիքի հետքն էր,
Կոստյումի տակ, զուր թաքցրած, գինովցած դեմքն էր,
Գրողը տանի օծանելիքն ու մադամի շրթներկը,
Չէ’, կուսանոցն է միակ ելքս:
2
Ու երբ հարևաններս մեկտեղ ժողովվեցին,
Ամբողջ թաղով նրան տնտղեցին,
Վերջին սերեալի դեպքերը պատմեցին,
Վերջում էլ ճառեցին, վճռեցին…
3
Ահա և հասկացա ես, բայց մի քիչ ուշացած,
Որ ջահել իմ կյանքն արդեն անցավ,
Երբ այս երևույթն ինձ կողակից դարձավ,
Ու բախտիս շեմքին հավերժացավ…
4
Մի օր էլ ասացի ես. -  Թե, որ համարձակվես,
Կրկին նման տեսքով դու հայտնվես,
Ձեռքերս` կոնքերիս, հոնքերս` խաչուփաչ,
Քեզ կհանձնեմ ճամպրուկդ հավաքված…
5
Ու երբ համբերությունս արդեն, լրիվ հատած,
Հագա մի օր զգեստներ ես կուսական...
Վշտից նա խենթացած` վզին գցեց պարան,
Ոտքերով`առաջ, նրան դուրս տարան…
 
button-vverx
 
 
 
1
Նորից ես քեզ մոտ եմ եկել,
Բերել եմ փոշին դարերի,
Խնդրում եմ ինձ մի տուր հարցեր,
Ինձ գիրկդ քնքուշ ընդունիր;
2
Գիտես ես հեռվում եմ թողել
Ցնորքներս խելառ օրերի,
Թեկուզ, որ հայացքս է մաշվել,
Ես փորձն եմ բերել աստղերի:
Կրկներգ
Չկան պատրանքներ,
Գիշերը զբոսնում է անտուն…
Ծնվում են երգեր, ինչ-որ բան ավետում:
3
Դու էլ ես երկար թափառել,
Իմաստուն մտքերի հանդիպել,
Կյանքի լուռ խորհուրդն ես հարցրել,
Մտքերն իմ մասին են պատմել:
4
Քամին է կրքոտ համբուրել
Ու հետքեր է թողել երեսիդ,
Արևն է հուշերդ այրել,
Թողել միայն հուշն իմ մասին…
5
Այ տես, այն օջախը հեռվում
Երկու ստվեր են այնտեղ ջերմանում,
Այդ մեր ստվերներն են հոգնած,
Նրանք մեզ են սպասում կարոտած:
 
 button-vverx
 
 
Ուզում ես ինձ մոռանալ, ու փախչել ժամանակից,
Խենթ սավառնել ամպի թևին… ու հեռանալ,
Ուզում եմ ես անէանալ գավաթում երջանկության,
Ու երգերիս խոսքերի հետ եթեր դառնալ:
Ուզում եմ իմ աչքերի մեջ հայացքը քո արտացոլել,
Օրհնանքը այն ընկնող աստղի ուզում եմ ըմպել,
Նաև ըմպել մինչև հատակ սիրո գինու գավաթը տաք,
«Միայնություն»  հիվանդության` դեղը միակ…
Ուզում եմ ես` իմ ձեռքերով իմ օթևանը կառուցեմ,
Ջերմ օջախիս, պաղ աղբյուրիս քարը տաշեմ,
Որ տունդարձիս ճամփից հոգնած անդորրս գտնեմ,
Ծարավ սրտիս, սառած հոգուս դարման անեմ:
 
 button-vverx
 
 
Սուտ է փախչել բաժին ճակատագրից,
Գուցե նա, ով փախավ նավից, արդեն ծոցում է օվկիանի…
Զուր է, մենք չենք փնտրում Հուդային արժան,
Հեշտ փրկվելու, ծախու ճամփեն էժան…
Մե’կ է, մեր կյանքն արդեն գրավ է դրվել,
Թղթախաղում այս չեն լինում շահողներ,
Մե’նք ենք խենթ դավանանքը այս նավի,
Մեր կրծքի տակ է բաբախում հավատքը այս դարի:
Կրկներգ
Երբ ալեկոծ, դիվահար օվկիանի
Վերջին ալիքը, վայրագ մեզ գրկի,
Մեր սիրտը բնավ չի տագնապի,
Ծունկը չի դողա, աչքը չի թարթվի…
Բա’վ է զուր տագնապել մահից դատարկ,
Գուցե հոգին մեր մենք պահենք անխորտակ,
Լա’վ է, զգալ բազուկներն ընկերներիդ,
Իսկ նրանք, ովքեր մեզ հետ չեն,
Ասված ճամփեն լուսավորի…
 
 button-vverx
 
 
Երբ քամիներն իրիկնային կայծն օջախիդ մարեցին,
Ես ճրագ դարձա, սակայն ցրտից ես դողացի…
Ջերմս հոգուն քո բաշխեցի, շշնջացի,
Շշնջացի. -Պահ է, կանցնի:
Երբ կիրքն ու սերն քո հայացքում անմնացորդ մարեցին,
Լանջիդ վսեմ ես տերևի պես փարվեցի,
Շուրթս` այդիդ մեղմ հպեցի, շշնջացի,
Շշնջացի. -Պահ է, կանցնի:
Քո հեռավոր քայլքի կարոտն` օտար գրկում փարատեցի,
Պատկերդ լուրթ, մութ կոպերով ես ծածկեցի,
Երգս լարերին խճճեցի, շշնջացի,
Շշնջացի. -Պահ է,կանցնի:
Երբ պահն եկավ հրաժեշտի, ինձ երկինքները կանչեցին,
Խոնարհաբար խաչը վզիս ես կախեցի,
Ընկերներին իմ ժողվեցի, օրհնյալ այս պահը գրկեցի,
«Ափսոս, որ պահն այս շուտ կանցնի»,
Ես գոռացի~…
 
 button-vverx
 
 
1
Միասին ենք ընտրել ճանապարհն այս դժվար,
Մեր ձեռքով մեր ճամփան կկռենք,
Ու խղճով կշտկենք սխալներն անհամար,
Որ Աստծո դեմ կանգնած չամաչենք:
Իսկ վերջում չեն մնա տառաապանք, ափսոսանք,
Կկորչեն ձյունի տակ հուշերի,
Կմնա լոկ այս պահն ու ժպիտը բարի,
Դրոշմված մերկ թղթին նկարի:
Կրկներգ
Տարիներ կանցնեն, բայց ծերության ոչ մի կնճիռ
Չի աղավաղի դեմքերն այս նկարի,
Իրար հավերժ գրկած, սակայն միմյանց միշտ կարոտած,
Կճանապարհենք դարերը:
2
Ծանր օրը, ասում ես, դանդաղ է անցնում,
Մի տխրիր, կյանքը շուտ կթռչի,
Մեր փոքրիկն է այսօր դեռ վանկեր թոթվում,
Վաղն արդեն նա երգեր կգրի…
Այն ամենն ինչ հիմա ապագա է թվում,
Անցյալի ջերմ գրկում կկորչի,
Ախ, միայն թե, հասցնենք մեր պարտքերը մարել,
Ու ներել, ու ներել բոլորին…
3
Միասին մենք կանցնենք ճանապարհն այս դժվար,
Միմյանցից, տա Աստված, չենք զատվի,
Ու, թեկուզ, թող ցնծան զվարճանքներն ու գինին,
Կյանքը մեր գրոշով չենք ծախի,
Հանճարեղ կխաղանք դերը մեր այս բեմում,
Իսկ վերջում, միասին կհանգչենք,
Կմնա լոկ այս պահն ու ժպիտը բարի`
Դրոշմված մերկ թղթին նկարի…
 
button-vverx
 
 
Երբ առավոտն իջնի քնած քո կոպերին,
Ձյունն առաջին հալչի պաղած պատուհանին,
Կաթիլ դարձած փաթիլը,
Պաղած քո անկողինն ու քո հոգին
Կթախծեն սիրո մասին:
Կրկներգ
Գուցե և վատ չէր իմ անգին,
Որ շուտ հալվեց ձյունն առաջին,
Պահել երկար նա չէր կարող
Ոտնահետքերը հեռացող:
Գիտես, որ ձյունը ինքն`իրեն
Լոկ հետքերով է ճանաչում,
Բայց, երբ հետքերն` իրեն տիրեն,
Նա ամաչում է ու հալչում:
Այնպես քնքուշ էր ձյան փաթիլն ու վախվորած,
Այնպես անուշ նիրհեց գիշերը, խաղաղված,
Ձյունն առաջին` խաբկանք էր,
Սերն առաջին` պատրանք էր թարթիչներիդ,
Երբ անձայն հոսում էր ցած…
 
button-vverx
 
 
1
Կար ու չկար, մի խեղճ հնձվոր,
Ոնց պատահեց, մի անիծված օր,
Սուտ երազին հավատաց ու դարձավ սելվոր,
Դատարկ ու թեթև գլուխը անխելք
Դրեց բեռի տակ, արդյոք ում էր դա պետք, ու,
Խաչը իր քաշում է, համբերում է,
Կյանքին հավատում է, դիմանում է, ա~խ,վա~խ…
Կրկներգ
Սա ասելու բան չէ, որ պատմեմ ձեզ հիմա,
Ով հիմար չէ, կհասկանա,
Երբ անփորձ հնձվորն է սայլի տերը,
Մեղավոր չեն ճռռացող ակերը, ա~խ,վա~խ…
Սա ասելու բան չէ, որ պատմեմ ձեզ հիմա,
Ով հիմար չէ, կհասկանա,
Մինչ հնձվորն իր սանձն է որոնում,
Սայլը անդունդին է մոտենում…
2
Մենք ուշացած լուռ ճամփորդներ,
Կյանքից հոգնած զուր թափառողներ,
Սայլից թափվում ենք ցած, շատ զարմացած,
Բախտի բերմամբ, թե պատահմամբ
Հայտնվել ենք այս ճռռան սայլի մեջ, ու
Խաչը մեր քաշում ենք, համբերում ենք,
Կյանքին հավատում ենք, դիմանում ենք, ա~խ,վա~խ…
3
Հնձվորը այն խենթ ու հիմար,
Անիծում էր իր գլուխը խելառ,
Այն օրը, որ պատահմամբ սայլորդ դարձավ,
Հիշում էր նա օրերն անցած,
Սայլի տեղակ ճռճռում դառնացած.  «Վաաա~խ»…
Ինքն էր միշտ էլ իր խեղճ գլխի տերը,
Գերանդին էր հարազատ ընկերը, ա~խ,վա~խ…
 
button-vverx
 
 
1
Կգլորեմ օրերս հերթով, իբրև մի քարավան,
Կբարուրեմ տողերս երգով, թելեմ շարան-շարան,
Մատներիս տակ, թեթև տենդով լարերը կդողան,
Քեզ հիշելով, իմ խենթություն,
Իմ ուշացած երջանկություն:
Կրկներգ
Մեզ տարիները չեն փոխել, իմ ընկեր,
Թեպետ, քեզ տանն արդեն սպասում են անհամբեր,
Ուրիշ աչքեր, ուր ինձ փնտրել, բայց չես գտել,
Իմ հեռավոր-մոտիկ ընկեր:
2
Ու երբ հարցնես, թե իմ սրտում ում սերն եմ փայփայում,
Կխոնարհեմ աչքերս թաքուն, խեղդեմ կարոտս անհուն,
Հետո միմյանց մենք կպատմենք կյանքից, զավակներից,
Գրողը տանի, մենք լավ գիտենք,
Շատախոսում ենք հուզմունքից:
Կրկներգ
Մեզ տարիները չեն փոխել, իմ ընկեր,
Միայն մի քիչ մեր զավակներն են մեծացել,
Միայն մի քիչ մեր ճամփաներն են հեռացել,
Իմ հեռավոր-մոտիկ ընկեր:
3
Արդյոք իմ վաղն ես դու շտապած, թե հուշն ես իմ անցած,
Իմ փորձությունն ես, թե երջանկությունն ես ուշացած,
Թափառական հոգիս դեռ օթևան չի հանդիպել,
Այն աչքերում, ուր քեզ փնտրել,
Ուր քեզ փնտրել, բայց չեմ գտել:
Կրկներգ
-Սերը հավերժ է մեր. - կրկնում ես դու նորից,
-Այն չի մարել, չի մոռացվել քո հուշերից.
Եթե այդպես է, թող ների մեզ այս գիշեր,
Նա, ում դու չես կարող լքել…
 
button-vverx
 
 
Երաժշտ` Արեգ Առուստամյան
1
Թիթեռների պես երգերս
Վարսերիդ գանգուր հյուսել ես,
Ինչպես ծաղիկներ անհոգ քո հուշերից,
Գունեղ պատկերներ` երազից;
Ինձ ես դու հառել աչքերդ
Վեր են սավառնում մտքերդ,
Դու, իմ աղավնի, թռիչքն է քեզ սպասում,
Մաղթում եմ բարի սավառնում:
Կրկներգ
Տես, որքան կան աստղեր երկնքում,
Այնքան մաղթանքներ իմ սրտում
Դառնում են երգեր ու հնչում,
Եվ թող օրհնությունը բարի
Քեզ քնքշորեն բարուրի
Թռիչքդ լույսով զարդարի:
2
Երազկոտ գարնան բողբոջն էլ
Աչուկներիդ պես զարթնել է,
Երբ նայում ես ինձ պայծառ քո հայացքով
Սիրտս է լցվում կարոտով:
Ու թեկուզ ճախրող լինելը
Դու գիտես, որ շատ դժվար է,
Բայց, իմ աղավնի, թռիչքն է քեզ սպասում,
Մաղթում եմ բարի սավառնում:
 
 button-vverx
 
 
Երաժշտությունը Արեգ Առուստամյանի
1
Դու գալիս ես զարդարված
Հունվարի ձյունով պատված
Ու վառում ես շատ լույսեր,
Մեզ բերում ես նոր հույսեր.
Զանգակներն են զիլ երգում        /նոր տարի/
Քո գալուստը ավետում              /նոր տարի/,
Արձագանքն է տարածվել ամենուր,
Քեզ սպասում ենք, Ամանոր:
                                                   Կրկներգ
      /Ձեզ շնորհավոր/
                          Երգում են փաթիլներն, հուշերն են արթնացել,
                          Իսկ դիմակները խենթ պարում են,
                          Հեքիաթն է այս հալվում, փաթիլի պես պարում,
                          Ու խոստանում է մեզ բերկրանքի պահեր բազում
                          Հույսերով ու խնդությամբ տարում:
2
Լույսերի այս շքերթում
Փերիներն են թևածում,
Բյուրեղյա ճերմակ կյանքի դղյակում
Հրաշքներն են մեզ սպասում,
Կարոտած սրտի իղձեր              /նոր տարի/
Զարդարեն թող կյանքը ձեր,     /նոր տարի/
Աստղազարդ ձյունից հյուսված մաղթանքներ
Այցելեն ձեզ այս գիշեր:
                  
 button-vverx
 
 
 Երաժշտությունը Արեգ Առուստամյանի
 
Կարոտի օվկիանում նավակն է քո լողում,
Սպասումի կրակով հորիզոնն է այրվում,
Ալիքնորը սիրով քեզ շոյում են տանում,
Հեռացնելով ափից սիրելի…
Գիշերվա մենություն, լուսինն է լուռ երգում,
Բաժանման տրտմության մեղմ նվագն է հյուսում,
Առագաստդ լուսե հորիզոնն է ճեղքում,
Թաքնվելով ամպի մշուշում:
Բայց սպասում եմ ես վաղորդյան քամուն,
Որ ալիքները դեպի ափ է միշտ բերում,
Գուցե պատահմամբ մոլորվես ծովում
Ու ափին վառած իմ մոմը քեզ համար փարոս դառնա,
Կտեսնեմ դարձյալ առագաստդ վառ…
Ու աստեղնային լռությունը հյուր կգա,
Սպասումը սրտում կարոտը հոգում
Լույսը մոմի երգի պես ափով կտարածեմ,
Կսպասեմ:
 
button-vverx